Կարինե Պողոսյանը Հանրապետականից դուրս գալու դիմում է ներկայացրել

Ղեկավարում էր ՀՀԿ-ի Արարատի մարզային կառույցը, պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով
karine-poghosyan
Լուսանկարը՝ armlur.am-ի

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել. այս մասին «Երկիրն այսօրին» հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Կարինե Պողոսյանը Մխչյանից է, Հովիկ Աբրահամյանի զարմուհին, ղեկավարում էր ՀՀԿ-ի Արարատի մարզային կառույցը, պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Մինչեւ Հովիկ Աբրահամյանի շուրջ վերջին զարգացումները՝ պատրաստվում էր ռեյտինգային կարգով դարձյալ մասնակցել առաջիկա ընտրություններին:

Լրատվամիջոցներից մեկին ասել էր նաեւ, որ եթե հարկ լինի, պատրաստ է իր տեղը զիջել Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, քանի որ իրենք մի թիմից են: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի թիմակիցները հեռանում են ՀՀԿ-ից եւ զբաղեցրած պաշտոններից. օրերս պաշտոնից հրաժարվել էր Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը: Մամուլը գրում է, որ առաջիկայում պաշտոնը կթողնի նաեւ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը. նա, սակայն, հանրապետական չէ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները