ԱԺ-ում քննարկվում է միմյանց փոխարեն քվեարկած պատգամավորներին կարգազանց համարելու նախագիծը

Զարուհի Փոստանջյանը դեռ 2 տարի առաջ որոշեց ուրիշի փոխարեն քվեարկողներին, այսպես ասած, օրենսդրական դաշտ բերել։
aj-qvearkutyun

Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկելու ավանդույթը գործում էր դեռ հին դահլիճում: Տեխնիկական հնարավորությունները սահմանափակ էին, կողքինի կոճակ սեղմելն էլ` հեշտ: Նոր դահլիճում ներդրվեց պատգամավորի գրանցման քարտային համակարգը: Հույս կար, թե այն կդժվարեցնի ուրիշի փոխարեն գրանցվելն ու քվեարկելը, բայց պարզվեց, որ այդքան էլ դժվար չէ:

Այս տարի փետրվարի 18-ին Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կանոնակարգի եւ էթիկայի խախտում որակեց 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելը: Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերմամբ քննարկվել է Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը, որը եթե ընդունվի, ապա այսուհետեւ միմյանց փոխարեն քվեարկած պատգամավորները կհամարվեն կարգազանցներ։

2 տարի առաջ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը որոշեց ուրիշի փոխարեն քվեարկողներին, այսպես ասած, օրենսդրական դաշտ բերել։ Հենց այդ ժամանակ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, այսօր միայն հերթը հասավ երկրրոդ ընթերցմամբ քննարկմանը։: Եվ եթե ընդունվի, ապա այն պատգամավորները, որոնք քվեարկում են միմյանց փոխարեն կհամարվեն կարգազանց։

Պատգամավորներից շատերն ասացին, որ Փոստանջյանի համար օրը պատմական է, նրա նախագիծն է քննարկվում, սակայն դրա հետ կապված ելույթներին, նաեւ գովեստի խոսքերին Փոստանջյանը հետեւում էր միջանցքում։ Էթիկայի հանծնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով, իրենք պետք է անդրադառնան նաեւ լիագումար նիստերի բնականոն ընթացքը խոչընդոտողների վարքագծին եւ սահմանեն պատժամիջոցներ, ընդհուպ՝ զրկելով նրանց ձայնից ոչ թե մեկ ժամ, մեկ օր, այլ՝ տեւական ժամանակ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ողջունեց նախաձեռնությունը, անգամ զարմացավ, որ մինչեւ հիմա այն չի ընդունվել։

Նախագծի քննարկումը ստիպեց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին անդրադառնալ նաեւ սեփական սխալներին:

«Ես ունեմ թերություններ՝ նաեւ նիստ վարելու ընթացքում: Հիմա ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից, որ, միգուցե, չգիտակցված, պահի ազդեցության տակ զգացմունքային ելույթներ եմ ունեցել: Կոչ եմ անում բոլորիս այս դահլիճում՝ աշխատե՛նք բարեկրթության կանոններով։ Իմ խոսքը հավասարապես վերաբերում է ե՛ւ իշխանության, ե՛ ընդդիմության ներկայացուցիչներին»,- ասաց Շարմազանովը:

Զարուհի Փոստանջյանի նախագիծը քվեարկության կդրվի մարտի 16-ի նիստում։

*

*