Տիգրան Մուկուչյանը անդրադարձել է վարչապետի` ընտրություններին մասնակցելու վերաբերյալ քննարկումներին

Պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող անձը:
karen-karapetyan

Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Երբ կլինեն ցուցակներ, կներկայացվեն փաստաթղթեր,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնի գրանցումներ, դրանից հետո միայն ճիշտ կլինի խոսել այս կամ այն թեկնածուին գրանցել կամ չգրանցելու մասին»,-  նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ  առաջադրման փաստաթղթերի հանձնումից հետո  տրվում է ժամանակահատված մինչև կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Այդ ժամանակահատվածն էլ հենց ներկայացված ցուցակները ուսումնասիրելու համար է:

Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենքի պահանջը հստակ է` պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և  ՀՀ-ում մշտապես բնակվող անձը:

«Թե որն է մշտական բնակությունը, Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է»,- ասաց ԿԸՀ նախագահը:

*

*