Կարեն Կարապետյան. «Մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած՝ նեղացածի կեցվածք ընդունել»

»Բոլորիս նպատակն է ազատ, խելացի Հայաստան ունենալը»
karen-karapetyan-hayastan-spyurq

Այսօր՝ ժամը 08:30-ին, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ են խոնարհել նրանց հիշատակին:

«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի երկրորդ օրվա նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ժամը 10:30-ին, բացման խոսքով հանդես է եկել  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, քանի որ մեծ պոտենցիալ ունենք . «Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղել մեր թիմը և միասին չհաջողելու որևէ պատճառ չենք տեսնում: Այսօրվա դժվարությունները անհամեմատելի են այն դժվարությունների հետ, որ անցել են մեր նախնիները»:

Վարչապետը ներկայացրել է նաև կառավարության ծրագրերը, նշել, որ որդեգրել են անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:

«Բոլորիս նպատակն է ազատ, խելացի Հայաստան ունենալը և բոլոր նախապայմանները՝ ինքնասիրություն, արժանապատվություն, միշտ ունեցել ենք: Թեև  հիասթափություններ կարող են եղած լինել, սակայն այդ դեպքում ի՞նչ անենք՝  նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրանց վրա: Մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած՝ նեղացածի կեցվածք ընդունել: Դա անտրամաբանական է և անհեռանկար: Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ»,-ասել է վարչապետը:

***

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում՝ աշխատանքային խմբերում շարունակվում են քննարկումները սահմանամերձ գոտիների, Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Նախատեսվում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի զեկույցը՝ «Կճանաչի՞ արդյոք Թուրքիան Հայոց Ցեղասպանությունը» թեմայով։

Ելույթ կունենա նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

 

 

 

*

*