ՀՀ վարչապետը եւ Պաոլո Ջենտիլոնին քննարկել են հայ-իտալական առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցեր

Կառավարութան ղեկավարն ընդգծել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին:
karapetyan-jentlioni

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ Իտալիան Հայաստանի համար բարեկամ երկիր է եւ փաստել, որ առկա է երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:

Կառավարութան ղեկավարն ընդգծել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին, եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման ներուժը շատ ավելի բարձր է:

Պաոլո Ջենտիլոնին եւս ընդգծել է առեւտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունն՝ ավելացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը, եւ համաձայնել, որ տնտեսության տարբեր ճյուղերում կան փոխգործակցության լավ նախադրյալներ:

Ավելի վաղ նախարար Ջենտիլոնին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Իտալիայի արտգործնախարարին ներկայացրել է Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրել կոթողի խորհրդանշական իմաստը: Հրաժեշտից առաջ էլ Պաոլո Ջենտիլոնիին նվիրել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը:

*

*