«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը». Կարեն Կարապետյան

«Ինձ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա... Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- նշեց վարչապետը:

Կառավարությունը հավանություն տվեց պետական գերատեսչությունների աշխատողների ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց` մի քանի ամիսների փորձնական քայլերը ցույց են տվել, որ պետք է որոշակի փոփոխություններ արվեն։ Գնումներն արվելու են մեկ հարթակից, գնումների մասին որոշումը հաստատելու է տվյալ աշխատակազմի ղեկավարը, այն լինելու է բաց, թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի:

«Առաջարկվել են մի քանի կանոններ ուղիղ չվերթի և այլ տարբերակների վերաբերյալ: Օրինակ՝ եթե ուղիղ չվերթով հնարավոր է գնել ամենաէժան տոմսից մինչև 40 տոկոս ավելի թանկ տոմս, ապա առաջարկվում է գնել, օրինակ, այդ տոմսը և դա կհամարվի ընդունելի: Մի շատ կարևոր փոփոխություն ևս տեղի է ունեցել, երբ համակարգի միջոցով պարզ է դառնում, թե որ տոմսերն են ընդունելի, ցանկացած անձ իրավունք ունի քարտով անմիջապես այդ ընկերությունից գնել այլ տոմս, եթե այն ավելի էժան է: Ժամանակահատվածի վերաբերյալ փոփոխությունում հետևյալ կարգն է առաջարկվել. նախարարների համար սպասելաժամանակը սահմանվում է պլյուս, մինուս երեք ժամ, տեղակալների համար՝ պլյուս մինուս վեց ժամ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այս համակարգը բավականին բարդ է և նշեց, որ կառավարությունը բավականին բարդ մեխանիզմներ է ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնի: «Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- նշեց վարչապետը:

*

*