14-րդ վարչապետի կառավարման 8 ամիսները՝ ամփոփ

Տնտեսագետ վարչապետի որդեգրած բժշկի քաղաքականությունը, կառավարություն բերած նորամուծություններն ու անկեղծ խոստովանությունները։

Պաշտոնակատար դարձած կառավարությունը ձեւավորվեց ուղիղ 8 ամիս առաջ` գումարելով 32 նիստ, ընդունելով մոտ 100 որոշում: Կարեն Կարապետյանի կաբինետը ստացավ «տեխնոկրատներ» բնորոշումը, որը հետագայում չշրջանառվեց: Նախարարների մի մասը, ու հատակապես նրանք, որոնք նշանակվեցին հենց վարչապետի առաջարկով՝ քաղաքական ու հասարակական կյանքում ամենահայտնիներից չէին: 8 ամիսը երկար ժամանակ չէ լուրջ հաջողությունների մասին խոսելու համար, սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշակի նորամուծութուններ, այնուամենայնիվ, բերեց: Գոնե՝ տեխնիկական հարցերով:

Նիստի օրակարգային մի շարք հարցեր սկսեցին չզեկուցվել, բոլորը պարտավորված էին խոսել ոչ թե երկարաշունչ ու թղթային զեկուցումներով, այլ հստակ ու պարզ, ավելին՝ կարճ խոսքով: Վարչապետը բոլորից պահանջեց՝ աշխատանքի մասին բարձրաձայնել: Հիմա նախարարությունները ոչ թե նախկինի նման հեռու են մնում լրագրողներից, այլ հենց իրենք են նախաձեռնում բաց աշխատել, եթե ոչ սրտանց, գոնե՝ վարչապետի հանձնարականը կատարելու համար: Բաց խոսելու հիմքը Կարեն Կարապետյանը դրեց իր առաջին խոստովանության ընթացքում:

«Ռեալ ասում եմ, անկեղծ ու բաց՝ տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր»:

Չափազանց ծանր վիճակից դուրս գալու համար տնտեսագետ վարչապետը որդեգրեց բժշկի քաղաքականություն. սկսեց ախտորոշումից, որ հետո կարողանա ճիշտ բուժել: Ախտորոշման համար գնաց մարզից մարզ ու գյուղից գյուղ: Տարածքային կառավարման նախարարության հետ յուրաքանչյուր մարզի անձնագիր տվեցին՝ յուրաքանչյուր գյուղ ու քաղաքից զարգացման ծրագիր պահանջելով:

Ու այստեղ զարմացավ, բարկացավ: Ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ նույն տեղում աշխատող պաշտոնյան չի հասկացել՝ ինչպես զարգացնել ոլորտն այս լուսավոր դարում:

«Քանի՞ տարեկան ես դու: Բա որտեղի՞ց է էդ պալիտբյուրոյի մտածելակերպը ձեր մեջ նստած: Այ մարդ, բիզնեսում չկա ինքնարժեքով, հասկանում ես, չկա տենց բան: Ամենալիբերալ ազգն ենք մենք: Արա՛, որտեղի՞ց էս պալիտբյուրոն ձեր սաղիդ մեջ: Բա որ ծրագիրը դնում եք, նպատակ չեք դնո՞ւմ»,- զարմացավ վարչապետը:

Պարզվեց նաեւ, որ մեր երկրում իրոք խնդիրներ կան: Նույնիսկ այնպիսի, որոնց վրայով քայլող պաշտոնյաները մինչ այդ չէին տեսել:

Իհարկե, նիստերը չանցան ո՛չ առանց զայրութի բռնկումների, ո՛չ առանց նկատողությունների, երբեմն՝ երգիծական տոնով:

Այս կառավարության գլխավոր խնդիրներից մեկը, գուցեեւ ինչպես նախորդ բոլորինը, տնտեսության զարգացումն է: Գումար խնայելու, դրանք ճիշտ օգտագործելու առաջին քայլերից մեկն  եղավ օպտիմալացման ծրագրերը՝ սկսած պետական կառուցներից: Դրան հակառակ՝ այս վարչապետն իր նախորդներին գերազանցեց խորհրդականների թվով: Իսկ խորհրդականի պաշտոնը որոշ դեպքերում կարիերայի սանդուղքի բարձր հատվածներին հասնելու հնարավորություն դարձավ ընդամենը:

Արդեն հայտնի է՝ Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել: Նրա կաբինետին միայն արդարադատության նախարարն է հրաժեշտ տվել: Նոր վարչապետ նշանակվելուց հետո նախարարներին էլ կնշանակեն: Կառավարության կազմավորումից հետո Ազգային ժողով կներկայացեն նոր ծրագիր: Այս փոփոխություններից հետո, եթե անակնկալ իրադարձություններ չլինեն, Կարեն Կարապետյանի կառավարությունն իր ծրագրերը կյանքի կոչելու համար կունենա եւս մի քանի ամիս՝ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը: Ու քաղաքական ինտրիգն այստեղ խորանում է. Հայաստանի կառավարությունը կշարունակի՞ ղեկավարել Կարեն Կարապետյանը, թե կգա 15-րդ վարչապետը:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*