Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ներկայացրեց ամենահակիրճ ծրագիրը՝ 33 էջ՝ 33րոպեում

Ծրագիրը մեկ նպատակ ունի՝ անել այնպես, որ քաղաքացին լինի առավելագույնս պաշտպանված, ապրի արժանապատիվ ներկայով։
Karen-karapetyan

 

5-րդ գումարման Ազգային ժողովում 3 վարչապետ 4 ծրագիր է ներկայացրել. ամենահակիրճն այսօրվանն էր՝ ընդամենը 33 էջ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այն ներկայացրեց 30 րոպեում՝ նախատեսված 60-ի փոխարեն: Ծրագիրը մեկ նպատակ ունի՝ անել այնպես, որ քաղաքացին լինի առավելագույնս պաշտպանված, ապրի արժանապատիվ ներկայով, լավատես լինի ապագայի նկատմամբ:

Նոր կառավարությունը վճռական է վերհանել խոչընդոտներն այս ճանապարհին, պայքարել կոռուպցիայի դեմ, պետական համակարգերը ենթարկել սանիտարական մաքրման: «Ծրագիրը պոլոպուլիստական չէ, լուրջ ծանրաձող ենք ուզում բարձրացնել», -ասաց վարչապետը:

«Պոպուլիզմով չենք զբաղվել, բայց որ բավական լուրջ շկալա ենք վերցրել, այդպես է»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը պատրաստ է անել ամեն ինչ, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դառնա: Վարչապետը ընդունում է, որ դրանք այսօր շատ քիչ են:

Կառավարությունը մտադիր է ստեղծել ազատ եւ արդար մրցակցային միջավայր բիզնեսի համար: Պայքարելու է ստվերի ու մոնոպոլիաների դեմ, բայց ծրագրում պայքարի մեխանիզմները նշված չեն.

«Սա քաղաքական փաստաթուղթ է, բայց չե՞ք կարծում, որ դրանում այդ պայքարի մեխանիզմները պետք է դետալացած ներկայացվեին»,- ասում է Խաչատուր Քոքոբելյանը:

«Բա մեր ամբողջ գրածը դրա մասին է: Երբ ասում ենք ազատ, արդար, բոլորի համար հավասար մրցակցային դաշտ, հենց դա է ասվում»,- նշեց վարչապետը:

 «Բիզնեսի շփումը հարկային-մաքսային մարմինների հետ հասցվելու է նվազագույնի», -ասաց վարչապետը: Աշխատելու են այս մարմիններում աշխատողների կերպարը փոխելու ուղղությամբ:

«Մաքսայինի հետ գործ ունեցողները գիտեն, որ այնտեղ բիզնեսմեններին վերաբերող տարբեր թղթապանակներ են պահվում. դրանց հարցը ինչպե՞ս է լուծվելու», -հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը: 

«Այդ պապկաների մեջ որ բիզնեսմենի անունը ընկնում է, սկսում են նրանց քերթել մինչեւ վերջ»,- ասաց Կարեն Կարապետյանը։

«Պապկաներ չեն լինելու: Գործելու են բրոքերներ: Արվելու է ամեն ինչ, որ բիզնեսմենը կախվածություն չունենա»։

 Կառավարությունը բարեփոխումներ է սկսել, ու դրա արդյունքում կրճատումներ են լինելու ՊՈԱԿ-ներում, ԾԻԳ-երում: «Լուրջ կրճատումներ կլինեն»,- ասաց վարչապետը:

Կրճատվածները կարող են դառնալ գործազուրկ, բայց կբարձրանա կառավարման համակարգի արդյունավետությունը։ 

Ծրագիրը գրելիս, Կարեն Կարապետյանն ասաց՝ խորհրդակցել են նախկին վարչապետերի, նախարարների, փորձագետների հետ: Քաղաքական ուժերից՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ:

«Բա ինչո՞ւ մյուս ուժերի հետ ծրագիրը չեք քննարկել: Մյուսների աջակցության կարիքը չունե՞ք»,- նկատեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Բա սա քննարկում չէ՞»,- ասաց վարչապետը։

 Վարչապետն այսօր ամբիոնի մոտ մնաց 3 ժամ, պատասխանում էր պատգամավորների հարցերին: Ելույթ ունենալու համար էլ հերթագրվեց 28 հոգի: Գալուստ Սահակյանը կանխատեսեց՝ շաբաթ օրն էլ ենք աշխատելու:

*

*