Հանձնարարվեց լուծում տալ բազմաբնակարան շենքերի հարեւանությամբ գտնվող գիշերային ակումբների խնդրին

Ըստ վարչապետի՝ շատ բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակը նման կառույցներ կան:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության նիստի ժամանակ տվեց իր հանձնարարականները: Տնտեսական զարգացման և ներդրումների ու Տարածքային զարգացման նախարարները, համագործակցելով համայնքապետերի հետ, պետք է լուծում տան բազմաբնակարան շենքերի հարևանությամբ գտնվող գիշերային ակումբների խնդրին։

«Հանձնարարվում է ներկայացնել առաջարկություններ՝ խնդրին օրենսդրական լուծում տալու համար։ Անհրաժեշտ է նախատեսել ողջամիտ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները հասցնեն վերակազմակերպել իրենց բիզնեսը»։

Խոսքն, ըստ վարչապետի «ստրիպտիզ» և զվարճանքի ակումբների մասին է։

Վարչապետը նշեց, որ շատ բողոքներ կան բազմաբնակարան շենքերի տակ նման կառույցների վերաբերյալ, ինչը բարոյական և այլ առումներով անթույլատրելի է:

Կարեն Կարապետյանը գլխավոր դրամատան ղեկավարին Արթուր Ջավադյանին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը: Ըստ այդմ, Վարդան Հարությունյանը առաջարկում է հարկատուների ցանկի դասակարգում և օրինապահ հարկատու կարգավիճակի սահմանում:

«Խնդրում եմ Ձեզ, որ առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկվի այս հարցը, որ եթե հարկատուն ունի նման կոչում կամ վիճակ, նրանք բանկերից օգտվեն արտոնյալ պայմաններով»,- ասաց Կարապետյանը:

Արթուր Ջավադյանն էլ նշեց , որ նման տիպի կարգ մասամբ կիրառվում է արտահանման պարագայում և վստահություն հայտնեց, որ բանկերի հետ մի փոքր աշխատելուց հետո դա հնարավոր է կենսագործել:

«Ես էլ եմ վստահ»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաեւ անդրադարձավ Հայաստանում 15 երկրների  դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ունենալու հարցին։ Ըստ այդմ, արտաքին գործերի նախարարի հետ պայմանավորվել են շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում անցկացնել և նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

Շավարշ Քոչարյանին վարըապետն ասաց, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են խնդրանքով, որպեսզի 15 երկրների դեսպանատներում այս հարթակը օգտագործելով ունենան ներկայացուցիչներ, ինչը Հայաստանի բյուջեի համար լրացուցիչ բեռ չի լինի, որովհետև այդ ծախսը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները:

Նույն առաջարկը վարչապետը ներկայացրեց նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ նշելով, որ հնարավոր է իրենց ևս նման հարթակներ պետք լինեն:

*

*