ԱԺ-ից 27 աշխատակից կրճատվել է, իսկ կառավարությունը փորձում է «վերաիմաստավորվել»

Բյուջե 2015-ի կատարողականը ներկայացնելու հերթն այսօր Նախագահականինն էր, Ազգային ժողովինը եւ Կառավարությանը:

2016 թվականը շուտով կկիսվի, իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները քննարկում են, թե ինչպես են պետական մարմինները ծախսել 2015 թվականի բյուջեի գումարները: Բյուջե 2015-ի կատարողականը ներկայացնելու հերթն այսօր Նախագահականինն էր, Ազգային ժողովինը եւ Կառավարությանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հեռացել է՝ առանց հարցերի պատասխանելու, իսկ օրենսդիր ու գործադիր մարմինների աշխատակազմերի ղեկավարներին տրված հարցերը վերաբերել են հիմնականում կրճատումներին ու կոռուպցիայի դեմ պայքարին:

Ազգային ժողովի ծառայողական մեքենաներից 24-ը կրճատվել են. դրանից հետո աշխատակազմի քանի՞ պաշտոնյա է երթեւեկում հանրային տրանսպորտով: Պարզվում է՝ նրանց թիվը չի ավելացել. աշխատակազմի ղեկավարն ասաց՝ դուրս են գրվել չօգտագործվող մեքենաները.

«Չօգտագործվող մեքենաների համար մենք գումա՞ր էինք դուրս գրում: Եթե չօգտագործվող մեքենան կրճատում ենք, տնտեսո՞ւմ ենք անում: Էդ դեպքում հարց է առաջանում՝ չօգտագործվող մեքենայի համար ինչո՞ւ էինք գումար դուրս գրում»,- ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Չօգտագործվող մեքենանների համար առնվազն պետք է կատարվի ապահովագրություն, դրանց տեխզննում պետք է անցկացվի. այդ ծախսերը կրճատվում են»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։

Ազգային ժողովը խնայում է գործուղումների վրա. աշխատում են ձեռք բերել էժան տոմսեր: Ինքնաթիռներում էլ, Հրայր Թովմասյանն ասաց՝ փոխնախագահ ու մշտական հանձնաժողովի նախագահ, հրաժարվում են բիզնես կլասից:

2015 -ին Ազգային ժողովում կրճատվել է 27 աշխատակից: Իսկ Կառավարությունում մարդկային ռեսուրսների խնդիր կա. աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը օրինակ բերեց՝ 9000 փաստաթուղթ սպասարկելու համար աշխատում է 13 հոգանոց անձնակազմ.

«Չեմ համարում, որ դա կարող է արդյունավետ լինել: Դրա համար ասում եմ, թե ինչպիսին պետք է լինի զարգացման ուղին»:

Զարգացման ուղին, ըստ աշխատակազմի ղեկավարի, վերաիմաստավորումն է. «Վերաիմաստավորել կառավարության որոշումների դերակատարումը, կառավարարության աշխատակազմի դերակատարումը»:

Մարդկանց՝ ոչ, իսկ մեքենաներ կառավարությունը կկրճատի. 109 մեքենայի կրճատումն առաջ կբերի ֆինանսական հետեւանքներ՝ դրական առումով. կխնայեն բյուջեի միջոցները։

Կառավարությունը դեռ չի որոշել, թե ինչ է անելու կրճատված մեքենաները. դրանք կա´մ կհանվեն աճուրդի, կա´մ որպես մասեր կվաճառվեն, կամ կփոխանցվեն այլ մարմինների:

*

*