«Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները»

Նախագիծը կմտնի խորհրդարանի մեծ օրակարգ եւ խորհրդարանի ղեկավարությունն արդեն պետք է որոշի, թե ե՞րբ ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ։

Հայաստանի Կառավարությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հավանության է տվել խորհրդարանի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած՝ «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին:

Նախագիծը կմտնի խորհրդարանի մեծ օրակարգ եւ խորհրդարանի ղեկավարությունն արդեն պետք է որոշի, թե ե՞րբ ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ։ Մայիսի 10-ին, կառավարության որոշմամբ, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Ի դեպ, արդեն կառավարության նիստից հետո Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական ագրեսիվ գործողությունները, Հայաստանին այլ տարբերակ չի մնա, քան ճանաչել Արցախի անկախությունը։

Զարուհի Փոստանջյանը եկել էր կառավարություն եւ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ Արցախի Հանրապետության ճանաչմամբ քաղաքական գործոնն ավելանում է։

«Կարող եմ ասել, որ կառավարությունը, ըստ էության, դրական եզրակացություն տվեց նախագծին: Ժամանակի ընթացքում խորհրդարանը ցույց կտա իր վերաբերմունքը: Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները: Տեսեք, տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձեւով չդատապարտվեց, եւ մենք պարտավոր ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, այլընտրանք չունենք»,- ասաց Փոստանջյանը։

*

*