Վարչապետը նախարարներին մեկ շաբաթ ժամանակ տվեց — Երկիր Մեդիա

Վարչապետը նախարարներին մեկ շաբաթ ժամանակ տվեց

«Տաշիրը» պատրաստ է իր շահույթի հաշվին նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը անապահով ընտանիքների համար

Կառավարությունում մեկնարկել է գործադիրի հերթական նիստը։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գոհ են, որ կառավարության ծրագրի մասով վստահության քվե ստացան, եւ հաստատվեց ծրագիրը։ «Հիմա ժամանակն է, որպեսզի բոլոր նախարարությունները մշակեն միջոցառումների ծրագիր». դրա համար վարչապետը մեկ շաբաթ ժամանակ տվեց։

Երկրորդ հարցը վերաբերում էր էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանը։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագնի փոփոխության հետ կապված ուսումնասիրություններ են արել, եւ ռիսկերը շատ են։ Նախ՝ հունիսի մեկից մի քանի ամսով չի աշխատելու ատոմակայանը։ Ու եթե վերանայում լինի, ապա դա սակագնի վրա մեծ ազդեցություն կունենա։

Նույնը վերաբերում է գազի գնին։ Սահմանին գազի 1000 խ/մ գնվում է 150 դոլարով, եւ պայմանագիրը մինչեւ տարեվերջ է, հնարավոր չէ (մինչ այդ վերանայելը-խմբ.)։ Նախարարը նշեց, որ կարող են 10 դրամով սուբսիդավորել անապահով ընտանիքներին, որոնց թիվը 110-120 հազար է։

Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագինը նվազեցնելու հարցում ունեն երկու տարբերակ. այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում կամ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում: Ըստ նախարարի, վերջինս պատրաստ է իր շահույթի հաշվին սակագինը նվազեցնել, և եթե խնդիրը կարգավորվի վերջինիս հետ, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախարարի ասածն ընդունում են ի գիտություն: «Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե ոչ: Ակնկալում եմ, որ կշարունակեք ուսումնասիրությունները և կգաք զեկույցի, որպեսզի մենք համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է: Առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք: Վերջնական եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*