Կառավարության ծրագրում, թե′ կրթության, թե′ մշակույթի մասով, կան լուրջ բացթողումներ. Արթուր Մկրտչյան

«ՊՈԱԿ-ների միավորումը երկրորդում է նշանակում»:
artur-mkrtchyan

Կառավարության ծրագրում, թե′ կրթության, թե′ մշակույթի մասով, կան լուրջ բացթողումներ: Ուղենիշերի սահմանման մեջ կան էական անտեսումներ, օրինակ` ազգային քաղաքականությունը, ազգային ուղեգիծը տեսանելի չեն, ի՞նչ նպատակ է իր առջև դնում կառավարությունը: Առհասարակ, բազմաթիվ բացթողումներ կան, որ կարևոր նշանակություն ունեն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնախմբի անդամ Արթուր Մկրտչյանը:

— Կրթական քաղաքականության մեջ մեզ համար կարևոր է ազգային  դպրոցի ստեղծումն ու կայացումը: Կառավարության ծրագրի կրթությանը և մշակույթին վերաբերող բաժնում դուք չեք հանդիպի «ազգային» բառի գործածման, ինչն արդեն ցույց է տալիս, որ, ազգային արժեքների, հայրենասիրության դաստիարակման, համազգային ներուժի համախմբման տեսակետից, ուղենիշերի մեջ կան լրջագույն բացթողումներ` գումարած նախարարությունների օպտիմալացումը, ինչն իր հերթին  մեծացնում է մտահոգությունը, որ կարևոր նշանակության շատ հարցեր կարող են անտեսվել, չարժանանալ բավարար ուշադրության:

— Կառավարության ծրագրի մշակույթին վերաբերող բաժնի հիմնականբացթողումները որո՞նք են:

— Մշակույթի բաժնում շատ կարևոր բացթողումներ կան, օրինակ՝ կառավարությունը չի ներկայացնում, թե ինչ է անելու մեր երկրի տարածքից դուրս, մասնավորապես` հարևան պետություններում գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանության ու հանրահռչակման, դրանց խնդիրները միջազգային հարթակներում վեր հանելու ուղղությամբ: Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքում, օրինակ, ամեն օր ոչնչանում են հայկական մշակութային արժեքներ: Այդ ուղղությամբ մենք պետք է հստակ քաղաքականություն ու ռազմավարություն որդեգրենք, փորձենք հուշարձանների գոյության` օրավուր աճող վտանգների մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում, պահանջել դրանց գույքագրում, ուսումնասիրություն ու պատշաճ վերաբերմունք: Կարծում եմ, որ այս մասով կառավարության ծրագրում պետք է դրույթ լիներ, որովհետև եթե այդ մասին չես հիշատակում, ապա կասկած է առաջանում` դու ռազմավարություն ունե՞ս, դու խնդիրը կարևորո՞ւմ ես:

Կառավարության ծրագրում միջազգային մշակութային, ինչպես նաև համահայկական այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի մասին նույնպես նշված չէ: Լինելով աշխարհասփյուռ ժողովուրդ` պետք է կարողանանք համագործակցել միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնք մեր  երկրի համար կարող են մեծ գործ կատարել` սկսած հայկական հիմնախնդիրները վերհանելուց մինչև մշակութային արժեքների տարածում: Խորը փոխգործակցային աշխատանքներ պետք է կատարել, օրինակ, Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ: Մեծ ներուժ ունեցող այդ կազմակերպությունը, որ ներկայացված է աշխարհի 90 երկրում, համահայկական մեծ նշանակություն ունի, և եթե կառավարության աշխատանքը համակարգված, հստակ ու ուղենիշային լինի, կարող է էական արդյունք տալ:  Եթե այդ կազմակերպությունը դուրս է մնացել կառավարության ուշադրությունից, նշանակում է` այն չի կարևորվել, իսկ եթե չի կարևորվել, ուրեմն թերահավատություն կա այդ կազմակերպության նկատմամբ: Մենք ինչպե՞ս ենք կարողանալու նման լուրջ կազմակերպությունների ներուժն օգտագործել, համազգային խնդիրների ու պետության շուրջը համախմբել դրսում բնակվող մեր հայրենակիցներին, եթե մշակույթի նախարարի պաշտոնակատարը Համազգային թատրոնը, օրինակ, կուսակցական թատրոն է համարում, ինչ է թե` այն սկզբնավորվել է Համազգային հայ կրթական ու մշակութային միության օժանդակությամբ: Դա անլուրջ մոտեցում ու գիտակցում է:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*