Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի ներկայացրած նախագիծը

«Աշոտյանը թափանցիկություն ապահովելու բազմաթիվ տարիներ ուներ». Արարատ Միրզոյան
varchapeti-inqnatir-hayastan2 (1)

Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած նախագիծը, որով ՀՀԿ-ականն առաջարկում էր վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վարչապետից վերցնել և վերապահել կառավարությանը:

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Երկրորդ հոդվածով առաջարկվում է նախատեսել, որ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունները, որոնք օգտվելու են այդ ինքնաթիռից և ուղղաթիռից, ինչպես նաև պետական բյուջեից հատկացված գումարների չափը»,- ասաց նա:

Պատգամավորի հիմնավորումն այն է, որ հարկավոր է ապահովել պետական բյուջեի հաշվին իրականացված այլ ծախսերի թափանցիկությունը:

Զեյնալյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ընդունել պատգամավորի առաջարկը: «Դա նպատակահարմար չէ պետական անվտանգության տեսակետից, և գտնում ենք, որ ճիշտ կլինի, որ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի ինքը` վարչապետը: Պետական ծառայողական գաղտնիք չհրապարակելու անհրաժեշտությամբ պայմանավորված` առաջարկում ենք բացասական եզրակացություն տալ այս նախագծին»,- ասաց նա:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ցանկանում է իր զարմանքն արտահայտել: «Ըստ էության` հեղինակը` պարոն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանն ապահովելու համար և բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես` պարոն Աշոտյանի դեպքում, որը բազմիցս աչքի է ընկել հատկապես ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին լեցուն ելույթներով»,- ասաց նա:

Ավելի ուշ անդրադառնալով հարցին՝ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ կառավարությունը «մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։ Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»։

*

*