Վահան Կարապետյանի ծեծի մասին լուրերը «չափազանցված են» (տեսանյութ)

Մինչ պարզվում են դեպքի հանգամանքները, կողմերը միմյանց են մեղադրում։

Աջափնյակ վարչական շրջանում Ծառուկյան դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանի դաժան ծեծի մասին լուրերը նրա նախընտրական շտաբում մասամբ չափազանցված են համարում:

Նրանք «Երկիրն այսօր»-ին փոխանցել են, որ «Չերիի Վահան» մականունով հայտնի պատգամավորի թեկնածուի վրա երեկ գիշերը հարձակում, իրոք, եղել է, բայց Վահան Կարապետյանն անգիտակից վիճակում չի տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի մանրամասները պարզվում են։ Իսկ մինչ այդ հայտարարություններ են տարածել եւ ԲՀԿ-ն եւ Արման Սահակյանի շտաբերը, որին էլ բհկ-ականները մեղադրում են հարձակման համար։

Արման Սահակյանի շտաբը հերքում է՝ մեղադրելով հակառակ կողմին. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր նախկին մտերիմներից մեկի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների եւ գալիք ընտրությունների հետ:

Կարեւորում ենք նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր  համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում:  Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու եւ բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից:

Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ»:

Իսկ ԲՀԿ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին:

Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛Վահանը եւ թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:

Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե նույն ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմակիցները դաժան ծեծի են ենթարկել Վահան Կարապետյանին եւ նա գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

*

*