Կարեն Կարապետյանը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին

Նա շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Հարգելի տիկին Բերեջիկլյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իր ուրույն նպաստն է բերում տարբեր բնագավառներում Ավստրալիայի զարգացման գործում, որի վկան է Ձեր արգասաբեր գործունեությունը:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր լիցք կհաղորդվի Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Ավստրալիայի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-ավստրալական բարեկամության ամրապնդման»,- ասված է շնորհավորական ուղերձում:

*

*