Ընդդիմադիր պատգամավորը կառավարության ծրագրի նախագծում սփյուռքին վերաբերող հարցերի վերաբերյալ հստակություն չի տեսնում

«Ուզում ենք հասկանալ, թե ինչպես են իրականանալու բարի նպատակները․․․»
azgayin-joghov

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կառավարության ծրագրի նախագծում սփյուռքին անհրաժեշտ դեպքերում տրվելիք աջակցության համար հստակ մեխանիզմների բացակայություն է նկատում: Աբովյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրերի նախագծի քննարկման իր ելույթում:

«Ծրագրում մենք միայն թիվ չեք ուզում տեսնել: Ուզում ենք հասկանալ, թե ինչպես են իրականանալու բարի նպատակների և այս ճանապարհային քարտեզի շատ լավ դրույթները, որոնք ներկայացված են: Սփյուռքից այս օրերին ինձ հետ շատ են կապվում: Կա մի կարծրատիպ, որ սփյուռքի ներկայացուցիչներին դիտարկում են որպես «փողի քսակ»: Կարծում են, թե սփյուռքը պետք է միշտ սատար կանգնի: Սակայն մենք ինչ ենք ի զորու անել, որ սփյուռքը զգա` ՀՀ-ն տեր է իրենց: Կառավարության ծրագրի մեջ չտեսա մի դրույթ, որ Հայաստանը տեր է կանգնելու էթնիկ հայերին ճգնաժամային վիճակում: Այո, ես համոզված եմ, որ տեր կանգնելու է, սակայն ինչու ներառված չէ ծրագրում»,-ասաց պատգամավորը:

Աբովյանի կարծիքով` ծրագրում հստակություն չկա: Նա նշեց` կառավարության ծրագրի նախագիծը շատ լավ տեսլական է, սակայն դրանում չկան դրույթներ, թե ինչպես են դրանք իրագործվելու:

*

*