Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, բայց ոչ երբեք միակողմանի զիջումներով

ՀՀ նախագահը Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում որևէ ճեղքման հիմք այս պահին չի տեսնում:
serj-zu

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չի տեսնում: Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է:

Փետրվարի 20-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է հայկական կողմին մեղադրել ձևավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ:

«Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունն այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում և այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ և միջազգային հանրությանը»,- հստակեցրել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի այդ քարոզչական հնարքները սին են և դատապարտված են ձախողման:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Մենք պետք է բանակցենք և ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջև բնականոն շփումներ և խաղաղություն հաստատելու համար:  Այո՛, հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ: Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը: Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց և հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը հստակ է գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չի ակնկալում միակողմանի զիջումներ:

«Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը: Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք: Թո՛ղ Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա գնահատմամբ` ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար: Այդ հավասարակշռության հիման վրա հնարավոր է բանակցել հաշտության շուրջ: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով:

*

*