ՌԴ Դաշնային խորհրդի անդամ. «Ղարաբաղի խնդրի վերջնական հանգուցալուծում չեմ տեսնում` ո´չ ժամկետի, ո´չ ձևաչափի առումով»

Չերնիշենկոն, որի մայրը հայ է, ով եղել է Արցախում և ներկա պահին անցանկալի անձ է հայտարարված Ադրբեջանում...
Igor-chernishenko

Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն, որի մայրը հայ է, ով եղել է Արցախում և ներկա պահին անցանկալի անձ է հայտարարված Ադրբեջանում, կարծում է, որ ԼՂ հիմնախնդրի լուծում ռազմական ճանապարհով չի կարող լինել:

Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին, նա նշեց, որ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը կարող է ձգվել ևս 20, 30 կամ 40 տարի, մինչև որ հակամարտող պետությունները գտնեն դրա լուծման բանալին:

«Այս պահին խնդրի վերջնական հանգուցալուծում չեմ տեսնում` ո´չ ժամկետի, ո´չ ձևաչափի առումով»,- ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամը:

Նրա խոսքով` ռազմական բախումների ժամանակ զոհվածների ցավը բոլորինն  է, գազանաբար սպանվել են հայ զինվորներ, խաղաղ բնակչություն:

Չեռնիշենկոն խուսափեց Արցախում ստեղծված ռազմաքաղաքական վիճակին տալ ավելի խոր գնահատական, քան տվել է ՌԴ նախագահը:

«Շատ դժվար է տալ խոր գնահատական, որովհետև այդտեղ կան մի շարք խնդիրներ, որոնց մենք չենք տիրապետում ամբողջությամբ: Գիտեմ, որ կան որոշակի տրամադրություններ` Ռուսաստանի հետ կապված, որովհետև Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց բոլորս ենք հասկանում, որ եթե Ռուսաստանը չվաճառի զենքն Ադրբեջանին, դրա փոխարեն Ադրբեջանին զենք կվաճառեն Թուրքիան, ԱՄՆ-ը, և շահերի այդ բալանսում չեմ կարող անել ավելի խոր դատողություններ, քան արել է ՌԴ բարձր իշխանությունը:

Չեմ կարծում, որ այդ ամենը արվում է Հայաստանին վնասելու համար: Ռուսաստանն իր ռազմական ներկայությունն ունի Հայաստանում, և դա, կարծում եմ, անվտանգության ավելի մեծ երաշխիք է, քան ռուսական զենքի վաճառքը աշխարհում: Ամեն դեպքում, վաճառելով ռուսական զենքը, Ռուսաստանն ավելի մեծ զսպող մեխանիզմներ ունի Ադրբեջանի կողմից կիրառվող այդ զենքի վրա, քան եթե այդ զենքն Ադրբեջանին վաճառեր Թուրքիան: Ավելի լավ է Ադրբեջանում այնպիսի զենք լինի, որի կիրառման վրա Ռուսաստանը զսպման մեխանիզմներ կարողանա ունենալ, քան Ադրբեջանում լինի այնպիսի երկրի այնպիսի զենք, որի կիրառման վրա ազդեցություն հնարավոր չլինի ունենալ»,- զենքի վաճառքն այսպես հիմնավորեց Իգոր Չերնիշենկոն:

*

*