«Ու այս ամենը՝ ֆրանսերենով». Կանադայի վարչապետը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում

Թրյուդոն անդրադարձավ նաև Շառլ Ազնավուրին:
jastin-tryudo-yerevan

Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ընթացքում այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար, ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- մասնավորապես ասաց Թրյուդոն:

Ջասթին Թրյուդոն անդրադարձավ նաև Շառլ Ազնավուրին:

«Ինչպես իմ գործընկերները, ես եւս չեմ կարող չարտահայտել իմ խորը ափսոսանքը մեծ մարդու՝ Շառլ Ազնավուրի համար, ում ես անչափ սիրում էի: Ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համակվեց հարգանքի տուրքով՝ ուղղված Շառլ Ազնավուրին: Շառլը մանրամասն տեսնում էր մեր լեզվի ու մեր մշակույթների բոլոր նրբերանգները: Ես տեսնում եմ նույնն այստեղ ևս»,- ասաց Թրյուդոն:

Կանադայի վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին ու ամբողջ հայ ժողովրդին:

 

*

*