Ջոն Քիրբի. «Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ճիշտ ուղղությամբ արված քայլ էր»

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի:
john-kirby

tert.am — ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի:

Մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը` Քիրբին նշել է, որ երկու երկրների նախագահներն էլ պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխադարձ վստահության հաստատման համար, ինչպես նաև եկող ամիս վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար:

«Նրանք դրսևորեցին քաղաքական կամք` ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: Իսկ Միացյալ Նահանգներն էլ իր կողմից պատրաստակամ է աջակցել կողմերին այս հարցում: Այլ կերպ ասած` սա շատ դրական հանդիպում էր ու ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,-ասել է Քիրբին:

Այնուհետև լրագրողներից մեկը, դիմելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչին, հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստակամ են հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը ֆիքսող համակարգերի տեղադրմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը: Երբ լրագրողը խնդրել է Քիրբիին մեկնաբանել Բաքվի նման դիրքորոշումը` ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է այդ առնչությամբ որևէ բան ասել:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները:

Մեկ Մեկնաբանություն
  • Ջոն Քիրբի. «Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ճիշտ ուղղությամբ արված քայլ էր» — Armenian National Committee of America
    18 мая 2016 at 12:00

    […] […]

  • *

    *