ԱՄՆ-ը մեկընդմիշտ պետք է հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում․ Ջո Բայդեն

Ասվում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նամակում՝ ուղղված Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբին:
jo-bayden

«Միացյալ Նահանգները մեկընդմիշտ պետք է հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»,- այս մասին ասվում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նամակում՝ ուղղված Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբին:

Դրանում նշվում է նաեւ, որ եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը եւ չպատմենք մեր երեխաներին ցեղասպանության մասին, «Այլեւս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը:

«Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար», — ընդգծել է Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահը:

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբին ուղղված նամակը Բայդենն այսպես է եզրափակել. «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի եւ ձեր առաջնորդության շնորհիվ, եւ հավատում եմ, որ դուք շարունակելու եք խոսել եւ պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ լինի»,- մեջբերման ավարտը:

Հանձնախումբն ընդգծում է, որ որպես սենատոր` Բայդենն աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: Սակայն Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նա դեմ է հանդես եկել Ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացներին:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության անունից առաջադրված է 2020 թվականի նախագահական ընտրություններին:

*

*