Արմեն Մարտիրոսյանը չի բացառում Վարդան Օսկանյանի կամ Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը

Զարուհի Փոստանջյանը եւս վարչության անդամ է, բայց դեմ է մանիֆեստին:
«Ժառանգությունում» ոչ մեկի ստիպողաբար չեն պահում»,-այսօր «Երկիրն այսօրին» ասել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Անահիտ Բախշյանը լքելու է «Ժառանգությունը»:
Իսկ լուրը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացել է Հայաստանից ու չի մասնակցելու առաջիկա քաղաքական գործընթացներին, Մարտիրոսյանը հերքել է: Նա վստահեցրել է, որ Հովհաննիսյանը վերադառնալու է:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձը՝ Արմեն Մարտիրոսյանը ինքն է մասնակցում նախընտրական քննարկումներին:
«Ժառանգությանն այլեւս փրկվել չի հաջողվի», «Ժառանգության» հուսահատության մանիֆեստը», «Անահիտ Բաշխյանը լքում է Ժառանգությունը», «Զարուհի Փոստանջյանն ասում է՝ խայտառակություն է». լրատվամիջոցների վերնագրերից տպավորություն է, թե «Ժառանգությունում» փլուզման հերթական փուլն է:
«Ո՛չ, պատկերը դա չէ: Կուսակցությունն իր սկզբունքայնությունը պահել է: Րաֆֆի Հովհաննիսյանը չի հեռացել»,- ասաց Մարտիրոսյանը:
Տարեվերջին մամուլում հայտնվեց «Ժառանգության» իշխանափոխության մանիֆեստը: Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ այն ընդունել է վարչությունը, ներկայացնում է կուսակցության տեսակետը: Դրա ստեղծմանը, օնլայն, մասնակցել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լոս Անջելեսից: Զարուհի Փոստանջյանը եւս վարչության անդամ է, բայց դեմ է մանիֆեստին: Մամուլում ասել էր՝ խայտառակություն է:
«Սա մեր միասնական տեսակետը չէ: Որպեսզի ընդունվեր նման տեսակետ, մենք պետք է վարչության նիստ գումարեինք: Վարչության անդամներն այդ հարցի վերաբերյալ չեն ունեցել միասնական դիրքորոշում, որոշում չի կայացվել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Արմեն Մարտիրոսյանը Փոստանջյանի գնահատականներին անդրադառնալ չի ուզում. «Զարուհի Փոստանջյանի ասածների հետ կապված դիրքորոշում, մեկնաբանություն չեմ տա»:
Մանիֆեստը ձեւակերպում է խնդիրները, որոնց շուրջ առաջարկվում է ձեւավորել նախընտրական դաշինք, ու ընտրություններում հաղթելու դեպքում՝ կազմել Ազգային համաձայնության կառավարություն՝ առանց ՀՀԿ-ի, փոխել Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, հասնել իշխանափոխության: Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է համարում դաշինքն այսօր ընդդիմադիր նախկին իշխանավորների հետ՝ մեկ բացառությամբ.
«Բնականաբար, չենք կարող համագործակցել նրանց հետ, ովքեր կրակելու հրաման են տվել կամ հրաման են տվել կեղծարարություններ անել»:
Վարդան Օսկանյանի կամ Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, չնայած նրանց երկուսի անուններն էլ առնչվում են մարտի 1-ին: «Ժառանգության» ներկայացուցիչն ասում է՝ հավատաքննությամբ չեն զբաղվում:
«Եթե հավատաքննոթւյամբ զբաղվենք, ուրեմն, որեւէ ուժի հետ չենք համագործակցի, որովհետեւ բոլորն էլ իշխանության մեջ են եղել: Նայում ենք առաջ, եթե անցյալում արյուն չկա, ուրեմն, կարելի է գտնել համագործակցության ձեւաչափ»:

Արմեն Մարտիրոսյանը չհերքեց մամուլի լուրերը, թե ինքը, Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել են Գագիկ Ծառուկյանին, բայց ընթացիկ քննարկումների արդյունքների մասին, ասաց՝ կխոսի, եթե լինի «Ժառանգության» որոշումը:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*