Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և ԼՂ հարցով արդյունավետ բանակցություններով. Կոնտե

«Մենք համոզված ենք, որ լուծման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով»
konte

Իտալիան շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ և տարածաշրջանում կայունության հաստատմամբ: Այս մասին հայտարարեց Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարությունների ժամանակ:

«Մենք համոզված ենք, որ լուծման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով: Առկա քաղաքական կամքը կարող է հանգեցնել տևական լուծման: Ժողովուրդները պետք է պատրաստվեն խաղաղության և գիտակցեն այն առավելությունները, որոնք կտա հակամարտության խաղաղ կարգավորումը: Պատրաստ ենք բոլոր միջոցներով մեր նպաստը բերել բանակցությունները շարունակելուն և տարածաշրջանին կայունություն բերելուն: Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և արդյունավետ բանակցություններով»,- հայտարարեց Կոնտեն:

ՀՀ վարչապետը նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

*

*