Քնեսեթում այսօր քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

Վերջին օրերին թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմացման հետեւանքով պատգամավորների եւ Քնեսեթի ղեկավարության վրա ճնշումները մեծացան։
kneset

Իսրայելի խորհրդարանում այսօր, շուրջ մեկ ժամից քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը։

Դեռ 2015-ի հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը, քննելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը, որոշել էր դիմել խորհրդարանին, լիագումար նիստում այն քվեարկելու առաջարկով։ Սակայն, Քնեսեթի նախագահի խնդրանքով, նախապես 2016-ի մայիսի 31-ին կայանալիք քվեարկությունը հետաձգվեց մինչեւ հուլիսի 5-ը։

Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանի խոսքով, վերջին օրերին թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմացման հետեւանքով պատգամավորների եւ Քնեսեթի ղեկավարության վրա ճնշումները մեծացան։ Սակայն բանաձեւի նախագծի հեղինակները, մասնավորապես՝ «Մաարեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալոնը, չզիջեց բանաձեւն օրակարգից հանելու կամ նույնիսկ հետաձգելու հարցում։ qneset-cuyc

Այսօր հայությունը զորակցական հանրահավաք է կազմակերպել խորհրդարանի առջեւ։ Այս պահին ցույցը շարունակվում է։ Արդեն ելույթներ են ունեցել հրեա պատմաբան Յաիր Արոնը, Քնեսեթի պատգամավորներ Յաիր Թցաբան, Մերեց կուսակցությունից Մոշեր Ռազ, արաբական խմբակցությունից Այման Օդեհը։

Հակոբ Սեւանի հավաստմամբ, ակտիվ աշխատանք են տարել պատգամավորների շրջանում՝ բանաձեւին անհրաժեշտ աջակցություն ապահովելու համար։ Առայժմ կառավարությունը ձեռնպահ է մնում դիրքորոշում արտահայտելուց։

Օրերս Թուրքիայի եւ Իսլայելի միջեւ կնքված համաձայնագրով վերականգնվել են տեւական ժամանակ սառեցված հարաբերությունները։

*

*