Հասան Ռոհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Իրան

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
pashinyan-irani-energetikayi-naxarar22 (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առևտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների  ներգրավումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները