ՀՀ վարչապետի այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը․ Իրանի առաջին փոխնախագահ

ՀՀ վարչապետը և Իրանի առաջին փոխանախագահը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
varchapet-ayc

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։

Վարչապետը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: «Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը և մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին: Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիին վստահություն է հայտնել, որ վարչապետ Կարապետյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիք ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս և իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը:

Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցությանը: Վարչապետ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:

Կարեն Կարապետյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

 

 

*

*