ՀՀ վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

ԱՏԳ-ը շահավետ հարթակ է լինելու և´ հայաստանցի, և´ իրանցի, և´ երրորդ երկրների գործարարների համար:
varchapet-iran-agn

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: «Շատ ուրախ եմ, որ այսօր Երևանում բացվել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասվում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հոկտեմբերին ունեցել ենք բավական հեռանկարային այց Իրան և պայմանավորվել ենք տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստ է՝ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր առևտրաշրջանառությունը», — ասել է Կարեն Կարապետյանը:

Նախարար Զարիֆը նշել է. «Ձեր այցելությունն Իրան շատ կարևոր և հաջողված էր։Մենք Հայաստանն ընկալում ենք որպես լավ հարևան ։ Մեր հարաբերությունները շատ ավելի երկար  ժամանակահատվածի պատմություն ունեն, քան 25 տարին, և այդ լավ  հարաբերությունները  արժեքավոր կապիտալ են երկու երկրների համար, որից պետք է կարողանանք  օգտվել»:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և´ հայաստանցի, և´ իրանցի, և´ երրորդ երկրների գործարարների համար:

 

*

*