Իրանը կոչ է անում ԼՂ խնդիրը կարգավորել երկխոսության ու բանակցությունների ճանապարհով

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին»։
irani-agn

Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին լուծման հասնել երկխոսության և բանակցությունների ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

«Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Ունենք Ադրբեջանը, որն իրապես կարևոր է մեզ համար, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի հետ: Հայաստանի հետ էլ մենք ունենք բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել այն խնդիրները, որոնց առերեսվում են այդ տարածաշրջանում»,- նշել է Բահրամ Քասեմին:

Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օժանդակել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարող են ազդեցություն ունենալ ավելի լայն տարածաշրջանի վրա:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին:

Նա նաև նշել է, որ այս խնդրում մշտապես եղել է նաև այլ ուժերի միջամտության հետ կապված մտահոգությունը:

«Երկու երկրների հետ էլ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակետներ ենք փոխանակել, և հուսով ենք, որ ի վերջո դիվանագիտությունն ու երկխոսությունը կգերակայեն այլ մոտեցումների ու մեթոդների նկատմամբ»,- ամփոփել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները