ԱԺ-ում կքննարկվի ԻՊ-ի կողմից եզդիների ցեղասպանությունը դատապարտելու հարցը

Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը...
naira-zohrabyan

Հայաստանի խորհրդարանն առաջիկայում կքննարկի Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու հարցը: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ԲՀԿ առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ նախագիծը կանոնակարգի համաձայն դրվել է շրջանառության մեջ՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցը կքննարկվի:

«Բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից, հայտարարության նախագծին միացել է նաև «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը: Հայտարարության տեքստը բաց է բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների համար, որոնք կցանկանան միանալ:  Մենք իրավական ողջ հիմնավորումները պատրաստել ենք, որոնք ներկայացնելու ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ»,- ասաց պատգամավորը:

Նաիրա  Զոհրաբյանը հավելեց, որ իրենք հայտարարության տեքստը պատրաստելուց առաջ խորհրդակցել են  իրավաբանների հետ, որոնք զբաղվում են միջազգային այլ ատյաններում Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու աշխատանքներով:

«Այնպես որ, ես հույս ունեմ, որ խորհրդարանն, այնուհանդերձ, դրական եզրակացություն կտա նախաձեռնությանը»,- ասաց Զոհրաբյանը:

Խորհրդարանական մյուս քաղաքական ուժերի կողմից հայտարարության նախագծի վերաբերյալ դեռևս արձագանք չկա: Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, «Սինջար եզդիների» միավորման ներկայացուցիչ Բորիս Մուրազին հանդիպումներ է ունենում բոլոր քաղաքական ուժերի հետ:

«Ես կարծում եմ մինչև հանձնաժողովում հարցի  քննարկումը մենք կունենանք բոլոր քաղաքական ուժերի մոտեցումը: Եթե մենք իրավացիորեն ակնկալում ենք, որ աշխարհը պարտավոր է 1915թ. տեղի ունեցած դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն, մենք պիտի ինքներս ցեղասպանություն որակենք այն, ինչ տեղի ունեցավ Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի հետ: Իսկ դա միանշանակ ցեղասպանություն է՝ այդ ձևակերպման բոլոր պարամետրերով, մեր հիմնավորում էլ  կա: Ես կարծում եմ, որ մենք պետք է ճսնաչենք և դատապարտենք եզդիների նկատմամբ ցեղասպանությունը:  Կարծում եմ, որ մենք պետք է իրականության նայենք բաց աչքերով և իրերը կոչենք իրենց անուններով»,- եզրափակեց պատգամավորը:

Ներկայացնում է Հյուսիսիային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծի ամբոջական տեքստը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

— Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով,

— Կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

— Արժևորելով հայ և եզդի ժողովուրդների բազմամյա բարեկամական հարաբերությունները,

Հայտարարում է. Դատապարտում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

*

*