ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է չմշակել վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ

Մենք գերադասել ենք վեթթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով. Լիլիթ Մակունց
lilit-makunc

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ չմշակել: Այս մասին հունիսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մտադիր էինք վեթթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց այս պահին մենք գերադասել ենք վեթթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով: Այն, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի և Հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար, բայց այս պահին նման քննարկում չկա, որ դա կլինի առանձին նախագիծ»,- ասաց Մակունցը:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում է կայացրել:

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ արդարադատության համակարգում վեթթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

*

*