Արմեն Ռուստամյան. «Իլհամ Աշկինը ստացավ իր աչքին անհրաժեշտ պատասխան»

Նա հայտարարել էր, որ Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը...
rustamyan

yerkir.am— Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ:

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ որևէ զիջում՝ սերունդների հաշվին, չի կարող լինել: Ռուստամյանի խոսքով՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ են իրենք պայքարել, այնպես էլ պայքարում են այն թեզերի դեմ, որի հիմքում հողերի զիջման հարցն է:

«Մենք ի՞նչ գին պետք է վճարենք խաղաղության հասնելու համար, մենք պետք է զիջենք այնքան, որ բավարարենք հարևանի ախորժակը, իսկ այդ հարևանը ամբարտավան կեցվածքով է հանդես գալիս, անընդհատ վախեցնում է պատերազմով, դարձել է սանձարձակ և լկտի: Ինչպե՞ս կարող ենք մենք նրանց որևէ բան զիջել»,- ասաց Ռուստամյանը, ապա հայտարարեց, որ լավ լուր ունի հաղորդելու:

«Բոլորովին վերջերս մի ամբարտավան ադրբեջանցի Հոլանդիայում հայտարարել էր, որ Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը, այս տիպի մարդկանց հետ մենք գործ ունենք, թե ի՞նչն ենք զիջում այդ տիպի մարդկանց, անհասկանալի է, դա էլ իրենց զարգացած, առաջադեմ դեմքերից մեկն է, որ չի վարանում և այդպիսի լկտի հայտարարություն է կատարում: Բայց բնականաբար, պատասխանը չուշացավ, մեր Հայ Դատի գրասենյակները, տեղի կառույցը դատ էին հարուցել նրա դեմ և Հոլանդիայի դատարանը դատապարտել է այդ մարդուն՝ հարկադիր աշխատանքների, բռնություն և ատելություն սերմանելու մեղադրանքը հաստատելով»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այսպիսի պայքարներ Դաշնակցությունն ամենուր է տանում:

«Մենք սա ամեն տեղ ենք անում: Դիվանագիտական ճակատում և բոլոր այն տեղերում, որտեղ ունենք մեր կառույցները: Այդ կառույցները չեն ապրում միայն իրենց անձնական, կենցաղային խնդիրները լուծելու նպատակով, այլ որտեղ կա հայություն, մենք կազմակերպում ենք այդ հայությունը, որպեսզի իրենք ապրեն Հայաստանի հոգսերով, օգտակար լինեն մեր ընդհանուր գործին, պաշտպանեն Հայաստանի հեղինակությունը»,- ընդգծեց Ռուստամյանը, ապա ասաց.

«Այդ անձը՝ Իլհամ Աշկինը, ստացավ իր աչքին անհրաժեշտ պատասխան և սրանից հետո բոլորը պետք է պարզ գիտակցեն, որ անպատիժ չի մնալու որևէ մեկը, ով կփորձի անպատվել, հայհոյել, վարկաբեկել մեր ազգն ու արժանապատվությունը»:

*

*