Իջեւանում իշխանական վերադասավորումներ են

Իջեւանի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Հայկ Ղալումյանը
hayk-ghalumyan

Իջեւանի քաղաքապետի թափուր մնացած պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Հայկ Ղալումյանը: Այդ մասին հայտնել է Տավուշի մարզպետը։ Նա փոխարինելու է մեկ այլ Ղալումյանի, իր ազգական, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ում դեմ օրերս քրեական գործ էր հարուցվել։

Արդեն նախկին քաղաքապետը հայտարարում էր, որ հրաժարական չի տալու եւ առաջադրվելու է քաղաքապետական ընտրություններին։ Սակայն պարտադրված է նահանջել, քանի որ քրեական գործի շրջանակում իրավապահները սկսել են հարցաքննության կանչել նաեւ իջեւանցի պատանիների։

Ներկայիս պաշտոնակատար Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի կնքահայրն է, նրա ընկերը, ով 2008-ից ղեկավարում է «ՀայԷկոնոմբանկի» Իջեւանի տարածաշրջանային մասնաճյուղը։

Նրա եղբայրը 2018-ի ժողովրդային շարժումից հետո Տավուշի մարզպետ նշանակված, ապա 2018-ի դեկտեմբերից Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Վահե Ղալումյանն է։  Տևական ժամանակ շրջանառվում էին տեղեկություններ, որ իշխանությունները ստիպում էին քաղաքապետին հրաժարական տալ՝ իրենց նախընտրած թեկնածու Հայկ Ղալումյանին պաշտոնակատար նշանակելու, արդյունքում Իջեւանում քաղաքապետի ընտրությունները ավելի ուշ նշանակելու համար։ Անտառահատումների հարցով Իջեւանում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներն ու զանգվածային ձերբակալությունները դժվարություն են ստեղծել իշխանական թեկնածուին առաջիկայում այդ քաղաքում հաղթանակ տոնելու ճանապարհին։

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*