ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյան. «Առաջադրվել եմ արդարության պակասը վերականգնելու համար»

Նույն ընտրատարածքում իր ամենամտերիմ ընկերներն են, սակայն նրանց մեջ մրցակիցներ չկան:

Արցախյան պատերազմն ամբողջովին փոխեց Միքայլել Մանուկյանի կյանքի ճանապարհը: Թերլեմեզյանի անվան ուսումնարանն ավարտել էր, բանակից վերադարձել: Երբ կազմավորվեցին Արցախյան ազատամարտի առաջին ջոկատները, վրձինը ձեռքից դրեց ու վերցրեց զենքը:

«Բանակից նոր էինք վերադարձել, եվ այդ ժամանակ դաշնակցությունը միակ կուսակցությունն էր, որ կոնկրետ Ղարաբաղ գնալու կոչ էր անում, ջոկատներ էին կազմավորվում»,- պատմում է Միքայել Մանուկյանը:

Երկար է պետք համոզել, որպեսզի Միքայել Մանուկյանը խոսի պատերազմի մասին՝ նույնիսկ ամենամտերիմ շրջապատում: Միակ բանը, որ ասում է, այն է, որ դա պարտականություն էր, ոչ թե հերոսություն: Ամեն դեպքում, տեղի տալով, խոստովանում է. այն հպարտությունը, որ ապրեց Շուշին ազատագրելու ընթացքում՝ կյանքում էլ երբեք չի ունեցել:

«Զուտ էնտուազմի վրա հիմնված ջոկատներ էին»:

Հիմա կյանքը բանակից շատ հեռու չէ: Ազգային ժողովի պատգամավորը նաեւ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ է: Սա այն ճանապարհն է, որով բանակի հետ կապը չի ընդատվում:

«Քանի մեր երկիրը, պետությունը պատերազմի մեջ է՝ ամեն օր այնտեղ աշխատելու խնդիր կա, բարելավելու խնդիր կա թե օրենսդրական, թե կազմակերպական»:

Այն պահից, երբ թողեց սպիտակ մեծ թղթերը՝ շատ ժամանակ է անցել, սակայն երբ ապագա ճարտարապետ աղջիկը նույն սպիտակ թղթերը ձեռքն է վերցնում, քաղաքական գործչի մեջ սկսում է խոսել նկարիչը:

Արցախյան պատերազմը նկարի ու նկարչի միջեւ եղած կապը խզեց: Սակայն այն, ինչի համար կյանքը փոխվեց՝ իսկապես արժանի էր:

«Արցախյան պատերազմն էր: Այդ ժամանակ նկարիչի ժամանակ չէր»:

Երեք գումարման խորհրդարանների պատգամավորը հիմա կրկին պայքարի մեջ է: Խոստավանում է՝ նույն ընտրատարածքում հենց իր ամենամտերիմ ընկերներն են, սակայն նրանց մեջ մրցակիցներ չկան: Բոլորը պայքարելու են մեկ գաղափարի համար:

«Մենք առաջադրվել են Դաշնակցության կողմից: Արդարության պակասը վերականգնելու համար»

Հիմա իր կյանքը դեռ քաղաքականության մեջ է պատկերացնում: Երբ երկրում ավելի քիչ խնդիրներ կլինեն՝ խոստանում է կրկին ձեռքը վերցնել վրձինն ու նկարել հայկական ամենավառ գույներով:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*