ՀՅԴ-ն մինչեւ ընտրություններն իր համակիրների թիվն ընդլայնելու խնդիր ունի

Ցանկանում ենք ընտրություններին գնալ ավելի մեծ թիմով: Դրա համար հարկավոր է նաև համապատասխան աշխատանք...
armen-rustamyan

ՀՅԴ-ն պատրաստվում է սեփական ուժերով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նաև համակիրների թիվն ընդլայնելու խնդիր ունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք ցանկանում ենք ընտրություններին գնալ ավելի մեծ թիմով: Դրա համար հարկավոր է նաև համապատասխան աշխատանք անհատների, անձերի հետ, որովհետև նոր ընտրակարգն այդպիսի դաշտ է առաջացրել: Եվ ստիպված պետք է նաև այդ նորույթներին համապատասխան մարտավարություն որդեգրվի: Այդ առումով մենք լուրջ անելիքներ ունենք, որպեսզի գտնենք այն անձանց, ովքեր մեզ հետ միասին կարող են երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում դերակատարներ լինել: Եթե կլինեն նման մարդիկ, նրանք առնվազն պետք է կիսեն մեր կուսակցության արժեհամակարգը»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ ՀՅԴ-ն հայտնի է իր շատ հստակ գաղափարախոսությամբ, և որևէ մեկը չի կարող լինել իրենց հետ՝ չընդունելով այդ գաղափարախոսությունը:

«Գաղափարախոսությունը պետք է ընդունի՝ ազատ լինելով կարգապահական մյուս պահանջներից»,- նշեց Ռուստամյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Ռուբիկ Հակոբյանը ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին, սակայն մերժում է ստացել՝ Ռուստամյանն ասաց, որ նման հարց Ռուբիկ Հակոբյանի հետ չեն քննարկել:

«Հակոբյանի հետ, մնացածի հետ էլ, ովքեր ժամանակին եղել են ՀՅԴ-ում մենք ունենք նորմալ հարաբերություններ: Ի վերջո, նրանք ժամանակին կիսել են կուսակցության գաղափարախոսությունը, ընդունել են այն: Եթե նույնիսկ հիմա նրանք դուրս են կառույցից, միևնույնն է, նրանք այդ գաղափարախոսության կրողն են»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հարցին, ՀՅԴ-ի ցուցակում կարո՞ղ են անակնկալներ լինել անհատների առումով, Ռուստամյանը պատասխանեց, որ անակնկալներ ցանկացած տեղ կարող են լինել:

«Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, ովքեր կկիսեն մեր գաղափարախոսությունը, մեզ հետ կարող են ճանապարհ անցնել: Ընտրություններից առաջ ցանկացած կուսակցություն բացվում է՝ ընդլայնելու համար իր թիմը: Բայց մեր պարագայում այդ թիմը չի կարող ընդլայնվել առանց համապատասխան արժեհամակարգն ընդունելու: ՀՅԴ-ն պահպանելու է իր առանձնահատուկ գաղափարախոսությունը: Այդ գաղափարախոսությունը պետք է ընդունեն կամ չընդունեն: Եթե չեն ընդունում, ուրեմն մեզ հետ անելիք չունեն»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

*

*