Նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ. ՀՅԴ

Օրենքի առաջ բոլորն են հավասար
hyd-gm-shenq1

Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը որևէ անպատեհություն չի տեսնում, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին՝ հավելելով, որ այդ մոտեցումը ՀՅԴ հայտարարության տրամաբանության համատեքստում է, նշված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը  հետևյալն է.

Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը Ռ. Քոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

04.08.2018 թ.

*

*