ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ
hyd-geraguyn-marmin

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ

Երկրում ընթացող վերջին իրադարձություններիկապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։

Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։

Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։

Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում։

Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։

Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

27 Հուլիս, 2018 թ.

Երևան

*

*