ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբն ամփոփեց քարոզարշավը

«Քարոզարշավի ընթացքում երբեք ամբոխավարությանը տուրք չենք տվել...»
hyd

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ  ավարտվում է Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման խորհրդարանում տեղ ունենալու մրցապայքարով պայմանավորված նախորդ և  առաջիկա 5 տարիների թերևս ամենաքաղաքականացված ամիսը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունները քարոզարշավի մեկնարկից նետվեցին ակտիվ քարոզարշավի՝ կոտրելու համար կուսակցական երիտասարդի մասին կաղապարված պատկերացումները, և որ ամենակարևորն է, ներկայանալով երիտասարդական և ուսանողական հիմնախնդիրներին առնչվող և դրանց լուծման սպառիչ տարբերակներ առաջարկող քաղաքական ծրագրով և ընտրակաշառքի դեմ պայքարով:

Քարոզարշավի ընթացքում երբեք ամբոխավարությանը տուրք չենք տվել, ՀՀ քաղաքացու առաջ պատշաճ ներկայանալու պատասխանատվությունը մեզանից հեռու է վանել նաև անիրականալի խոստումներ և ծրագրեր շռայլելու արատավոր բարքերը: ՀՀ քաղաքացուն, հատկապես երիտասարդներին հորդորել ենք քվեարկել բացառապես խղճի մտոք՝ չտրվել ընտրակաշառքներին, վարչական լծակներին և այլն՝ հավաստիացնելով, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացու անկաշկանդ քվեն Դաշնակցության համար սեփական քվեյի արժեք ունի:

Հավատացած ենք, որ ներքաղաքական վերջին զարգացումներով ու նոր Սահմանադրությամբ, քաղաքական նոր մշակույթի և որակի սաղմերով պայմանավորված քարոզարշավային անհամեմատ բարենպաստ- ժողովրդավարական ընթացքը, քաղաքական ուժերի հավասար հնարավորություններն ու մամուլի անկաշկանդվածությունը, լավագույնս կպսակվի ընտրությունների հաջող՝ ժողովրդի իրական կամարտահայտումը հանդիսացող,  ելքով:

Սիրելի երիտասարդ, այս ընտրությունները յուրատեսակ մարմնավորումն են Դաշնակցության 25-ամյա գաղափարների, պայքարի ու զոհողությունների: Քաղաքական ռոմանտիզմի անվան տակ հաճախ հանիրավի պախարակված  Դաշնակցության պատկերացումները պետական կառավարման համակարգի շուրջ այսօր իրականություն են, հետևապես մենք միակ քաղաքական ուժն ենք, որն այս ընտրություններին գնում է հաղթած: Հաղթանակն այդ կարող է ամբողջանալ և բազմապատկվել ՀՀ քաղաքացու անկաշկանդ ընտրությամբ և Դաշնակցության ծանրակշիռ ներկայությամբ ՀՀ խորհրդարանում:

ՀՅԴ երիտասարդական-ուսանողական
նախընտրական շտաբ
31.03.2017

*

*