«Բոլորին էլ մրցակից ենք համարում, բայց ամենալավը մենք ենք»․ Միքայել Մանուկյան

ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Նոր նորք վարչական շրջանի բնակիչների հետ:
hyd-qarozarshav

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Նոր նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՅԴ-ի թիմը շրջեց փողոցներով, լսեց մարդկանց, ծանոթացավ խնդիրներին, ներկայացրեց իրենց ծրագիրը, որն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին` որքանո՞վ է իրենց հաջողվում ընտրողին համոզել, որ հենց ՀՅԴ-ին ձայն տան, ասաց. «Պետք է համոզենք, դա մեր պարտքն է: Դա մեզ մոտ ստացվում է»:

Մանուկյանի խոսքով` այսօր քաղաքացիներն իրոք համերաշխության պահանջ ունեն: «Մենք ենք համերաշխության կրողը ու պետք է մենք մեր գործով և պահվածքով համոզենք, որ կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը, ապահովել համերաշխությունը»,- ասաց նա:

Իսկ թե հիմնականում ինչից են բողքում երևանցիները, Մանուկյանը նշեց, որ խնդիրները բազմազան են: «Երևանում չկա մի ոլորտ, որ խնդիր չունենա, եթե ինչ-որ բաներ էլ արված են, դրանք վերջնական փուլին հասած չեն. աղբահանության խնդիր կա, կանաչապատման խնդիր կա, Երևանում հիմնականում շեշտը դրվել է ծաղկապատման վրա, այնինչ շատ կարևոր է ծառապատումը: Բազմաթիվ են խնդիրները»,- նկատեց նա:

Հարցին՝  էլ ում են համարում իրենց մրցակից, նա ասաց. «Բոլորին էլ մրցակից ենք համարում, բայց ամենալավը մենք ենք»:

hyd-axb

*

*