ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը

Անվտանգություն, արդարություն, զարգացում
gm-byuro-nist-17072017

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո՝ հուլիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր իշխանության Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ. 

Քննելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը,  երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և այդ ուղղություններով կուսակցության կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպես նաև հավատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդես գալ կատարված և առաջիկա աշխատանքների հանրային հաշվետվությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կատարում է հետևյալ հաստատումները.

— Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Սահմանադրության բարեփոխումներից բխող օրենսդրական և պետական կառավարման համակարգի փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում պետության ու հասարակության զարգացման, ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման համար:

— Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնք ստիպում են անցում կատարել առաջանցիկ զարգացման քաղաքականության: Առաջնահերթ է դառնում մեր երկրի զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը:

— Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է հիմնական օրակարգ մնալ և էապես պայմանավորում է թե առկա իրավիճակը, թե զարգացման ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունները:

— Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ կառավարության ներկայացրած  գործունեության ծրագիրը  բխում է  Քաղաքական կոալիցիայի հուշագրով ամրագրված սկզբունքներից  ու առաջնահերթություններից  և ներառում է ՀՅԴ քաղաքական ուղեգծի սկզբունքային հաստատումները:

Մասնավորապես.

— կարևորվում է սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,

— առաջնահերթ է համարվում  հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը,

— կատարվում են համապատասխան անհրաժեշտ քայլերն`  ամբողջացնելու մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը,

— լուրջ քայլեր են իրականացվում ապահովելու իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ,

— նոր թափ է հաղորդվում հակակոռուպցիոն պայքարին , հակակոռուպցիոն քաղաքականությունը ակտիվացնելու և ինստիտուցիոնալ դարձնելու հիմք է ստեղծված ,

— ամբողջացվում է  “Ազգ-բանակ” հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ձևավորմանը,

— աստիճանաբար ձևավորվում է կայուն զարգացում ապահովող սոցիալ — շուկայական տնտեսական համակարգ, վերանայվում է իրականացվող սոցիալական քաղաքականությունը, որակապես նոր մակարդակի է բարձրացվել տարբեր ոլորտներում պետություն- մասնավոր հատված  համագործակցությունը, աճել են արտահանման տեմպերը, փորձ է արվում ներմուծվող ապրանքների մի մասը փոխարինել տեղական արտադրությամբ, ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում ավելացել են բյուջեի հավաքագրումները, էապես բարելավվել են հարկային և մաքսային մարմինների աշխատանքը, թեթև արդյունաբերության, արդյունավետ գյուղատնտեսության, զբոսաշրջության խթանման մեխանիզմներ են ստեղծվում, կան նոր և լուրջ ներդրումների ծրագրավորումներ՝ այդ թվում մարզերի մակարդակում,

— էականորեն փոխվել է ՀՀ կառավարության աշխատանքի որակը, հանրության մեջ ձևավորվում են վիճակի փոփոխության դրական սպասումներ, որոնք կարող են առարկայանալ հետևողական և սկզբունքային աշխատանքով,

— կառավարությունը երկրի զարգացման իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով  Հ.Յ. Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ` չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը: Կառավարության այս ծրագիրը կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել, առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու, երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը,

— լուրջ նախադրյալներ են ստեղծվել Հայաստան-Սփյուռք համատեղ ներուժի արդյունավետ օգտագործման իրական մեխանիզմներ ստեղծելու առումով,

— կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս:

Քննելով կատարված աշխատանքների արդյունքնեըը՝ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ Քաղաքական Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել և կարևոր նշանակություն ունի երկրում համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝  ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է.

— Մեզ համար առաջնահերթ են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությունը, բոլոր ուղղություններով կայուն զարգացումը և երկրում սոցիալական արդարությունը: Մեր համոզումն է, որ այս փոխկապակցված և փոխլրացնող ռազմավարական ուղղությունները` Անվտանգություն, Արդարություն, Զարգացում, ապահովելու են մեր երկրի ու հասարակության բնականոն զարգացումը, Հայաստանի ու հայության արժանապատիվ տեղն ու դերը ազգերի ընտանիքում:

— Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու և վերոնշյալ ռազմավարական ուղղություններով երկրի զարգացման համար:

— Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու, դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը:

Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն են կոչված ծրագրային այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են`

— սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ,

— կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, ՀՀ Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել  համապատասխան օրենսդրություն,

— հետևողական լինել հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման փուլում դրա թափանցիկությունը, վստահելիությունն ապահովող մեխանիզմների որդեգրման հարցում,

— դատական իշխանության բարեփոխումների հետ են կապված մարդու իրավունների պաշտպանությունը և արդարության հաստատումը: Դրա հիմնաքարը դրվելու է Դատական օրենսգիրք ընդունելով և դրան համապատասխան Բարձրագույն Դատական Խորհուրդ ձևավորելով,

— շարունակել ընտրական համակարգի բարեփոխումները` նկատի ունենալով մեր հասարակության և միջազգալին դիտորդական առաքելությունների դիտողությունները, առաջարկները,

— միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադեմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդյունավետությունը, մասնավորապես կառավարություն-վարչապետ-նախարար սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների պատշաճ օրենսդրական կարգավորումը,

— խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրումը,

— հասարակության լայն վստահությունը վայելող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնումը, ինչի համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն կատարված են,

— բարձր որակավորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականությունը,

— Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացում, հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծումը,

— “ Ազգ-բանակ” հայեցակարգի ամբողջականացման հիմքում հակառակորդին խաղաղության պարտադրելու մոտեցումը որդեգրելը, Արցախի հարցում ամբողջական ներուժի համախմբմամբ քաղաքական ամբողջ դաշտի կոնսենսուսի ապահովումը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

17 հուլիս 2017

 

 

 

 

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները