ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության շարքերը համալրվեցին

Հուլիսի 10-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ:

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում հուլիսի 10-ին հանդիսավոր արարողություն էր։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ: Երիտասարդների կնքահայրը  պատգամավոր Աղվան Վարդանյանն էր:

Երիտասարդները երդվեցին իրենց պատվով եւ հայրենիքով միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, եւ իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում անգամ կյանքի գնով պայքարել հանուն Հայաստանի եւ հայության ազատագրության դատի:

Իսկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 8 անդամներ, որոնք ապրիլյան պատերազմի օրերին թողեցին իրենց առօրյան և մեկնեցին դիրքեր՝ պաշտպանելու Արցախի դարպասները, պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրերով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Իգոր Սարգսյանը հանձնեց շնորհակալագրերը և նշեց, որ թեև ջոկատը փոքրաթիվ էր, բոլոր ուսանողներն էլ  մի բան էին ուզում՝ անպայման այնպիսի դիրք վստահեն իրենց, որտեղ իրենք կարող էին մինչեւ վերջին շունչը նվիրվել եւ կարգապահորեն ճիշտ կատարել մարտական խնդիրը։

*

*