ՀՅԴ-ն եւ Միքայել Մանուկյանը խոստանում են Երեւանը դարձնել բոլոր հայերի մայրաքաղաք

Դաշնակցության կողմից Երեւանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանը Վերնիսաժում էր։

«Չի կարելի ասել` ովքեր մեզ չեն ընտրում, նրանք սեւ ուժեր են»: Այս մասին այսօր քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Վերնիսաժ կատարած այցի շրջանակներում ասել է Դաշնակցության կողմից Երեւանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանը:

Քայլարշավի ընթացքում Մանուկյանը շփվել է քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաեւ լսել Վերնիսաժում ձեռագործ եւ այլ իրեր վաճառողների բարձրաձայնած խնդիրները:

Միքայել Մանուկյանը շեշտել է, որ քաղաքաքապետարանի գործունեության մեջ արձանագրվել են կոռուպցիոն դրսեւորումներ, մասնավորապես արդար չեն անցկացվել բազմաթիվ տենդերներ, ինչը վերացնելն իր գլխավոր խնդիրն է լինելու։

ՀՅԴ-ն եւ Միքայել Մանուկյանը խոստանում են Երեւանը դարձնել բոլոր հայերի մայրաքաղաք:

«Սփյուռքում ապրող հին արաբկիրցին կդառնա Արաբկիրում ներդրող, մալաթիացին՝ Մալաթիայում: ՀՅԴ-ն ունի նման ներուժ»,- նշել է նա՝ հավելելով, որ տեսնում է նաեւ մանկապարտեզների ցանցի ընդլայնման անհրաժեշտության, տարեցների խնամքի կենտրոնների անհրաժեշտություն:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, նա պատասխանեց` բարձր, քանի որ ՀՅԴ-ն պատմություն ունեցող կուսակցություն է և միշտ ժողովրդի կողքին է եղել: «Մենք 128 տարվա պատմություն ունենք, և չկա մի գործ, որի համար գլուխներս կկախենք»,- հավելեց թեկնածուն: Մանուկյանի կարծիքով՝ այսօր երևանցին, առհասարակ` ՀՀ քաղաքացին, շատ բարձր ինքնագիտակցություն ունի և հավատում է, որ պետք է ինքը որոշի իր և երկրի ապագան:

 

1537008590-5029

*

*