ՀՅԴ աշխարհի Երիտասարդական և Ուսանողական միությունները միանում են Հայաստանի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը

Նրանք իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել ուսանողական շարժմանը:
hyd (1)

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու  հայտարարություններով: Վերջիններս միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին և իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել ուսանողական շարժմանը:

Այսպես.

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունն ու «Շանթ» ուսանողական միությունն  իրենց աջակցությունն են հայտնում  Հայաստանի ուսանողներին, ովքեր պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է.

«Նախարարի առաջարկած քաղաքականությունը խստորեն վտանգում է այն արժեքներն ու պահանջները, որոնք բխել են 2018-ին ժողովրդական շարժումից մեր հայրենիքում: Արայիկ Հարությունյանն առաջարկել է` հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների շարքից: Կրթությունն այս ոլորտներում, որպես ազգային արժեք, հայրենիքում քաղաքացիների անբաժանելի ազգային ինքնության մասն է, և այդ տարրերը հեռացնելը ստեղծում է գիտելիքների անդունդ հասակակիցների և սերունդների շրջանում: Նախարարի վերաբերմունքն այն արժեքների նկատմամբ, որոնք սփյուռքը շարունակում է բարձրացնել և խթանել համալսարանական մակարդակի ուսանողների շրջանում, ամբողջովին անընդունելի է։

Ավելին, նախարարը հարցազրույցներից մեկում անդրադարձավ իր հրաժարականի պահանջներին՝ ասելով, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Մենք հրաժարվում ենք ընդունել նախարարի հայտարարությունների բաժանարար բնույթը: Որպես այսօր Հայաստանում կրթության դեմք՝ մենք հուսով ենք, որ համենայն դեպս, պարոն Հարությունյանը գիտի, որ մեր կազմակերպությունները ապակենտրոնացված են աշխատանքում, բայց ոչ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ կհամախմբվենք կանգնելու ի պաշտպանություն մեր լեզվի, ժառանգության և ինքնության»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*