ՀՅԴ կենտրոնական կոմիտեները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով

«Այս ամենը յուրաքանչյուր դաշնակցականի դեմ ուղղված ոտնձգություն է...»
hyd

Երեկ՝ մայիսի 18-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի վրա գործած հարձակման վերաբերյալ դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ՀՅԴ կենտրոնական կոմիտեներ, մասնավորապես, Արևելյան Միացյալ Նահանգների, Կանադայի և Լիբանանի:

«Վերոյիշեալ յարձակումը կը նկատէ երկրէն ներս ատլեութիւն ու թշնամութիւն սնուցանող ընդհանուր քաղաքակնութեան մը հետեւանք եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ողջ ընտանիքին դէմ շղթայազերծուած ու ակնյայտօրէն ուղղորդուած արարք»,- ասված է Արևելյան Միացյալ Նահանգների կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ:

Ըստ ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեի, այս ամենը յուրաքանչյուր դաշնակցականի դեմ ուղղված ոտնձգություն է. «Վերջին շրջանին, հանրապետութեան մէջ օրէ օր յաւելեալ թափ հաւաքող լարուածութեան ու անհանդուրժողականութեան մթնոլորտի ուղղակի արդիւնքն է այս պառակտիչ գրգռութիւնը: Սիրոյ եւ համերաշխութեան լոզունգային քողին տակ կարելի չէ’ պարտկել ալ բաժանարար գիծեր քաշելու այս վտանգաւոր միտումները»,- նշված է հայտարարությունում:

ՀՅԴ կենտրոնական կոմիտեները կոչ են անում իրավապահ մարմիններին հետաքննություն սկսել և հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել հարձակում իրականացրած անձանց:

«Արդ, արդարօրէն կը պահանջենք Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Պրն. Նիկոլ Փաշինեանէն եւ իրաւապահ մարմիններէն, որ ի խնդիր ազգային միասնակամութեան եւ համերաշխութեան, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան պահպանման, անյապաղ դատապարտեն արարքը, պատասխանատուութեան կանչեն յանցագործները եւ օրինական խստագոյն վերաբերումը ցուցաբերեն անոնց նկատմամբ»,- ասված է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ:

Հայտարարություններով հանդես եկել և կատարվածը դատապարտել են նաև ՀՅԴ Իրաքի և Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի  կենտրոնական կոմիտեները:

*

*