ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (4-րդ մաս)

Անվիճելի է՝ տնտեսական հիմնարար վերափոխում (իշխող ուժի տերմինաբանությամբ՝ «հեղափոխություն») անհրաժեշտ է
hyd-gm

1-ին , 2-րդ և 3-րդ բաժիններ 

Տնտեսական քաղաքականություն

Անվիճելի է՝ տնտեսական հիմնարար վերափոխում (իշխող ուժի տերմինաբանությամբ՝ «հեղափոխություն») անհրաժեշտ է՝ հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և քաղաքական այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Սակայն տնտեսական վերափոխումը հնարավոր է իրականացնել միայն արմատապես փոխելով Հայաստանի վերանկախացումից հետո` նեոլիբերալիզմի սկզբունքների համատեքստում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Դատելով կառավարության ծրագրից, կառավարության վերջին ամիսների գործունեությունից և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարություններից՝ կառավարությունը շարունակելու է «փոքր կառավարության» քաղաքականությունը՝ նվազեցնելով պետական ծախսերը՝ հանրային ծառայությունները արտապատվիրակելով մասնավոր ընկերությունների: Արդեն իսկ այսօր Հայաստանում պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերությունը գրեթե կրկնակի փոքր է տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏԶՀԿ) երկրների ցուցանիշից: Դատելով կառավարության հայտարարած քաղաքականությունից՝ այդ հարաբերությունը է′լ ավելի է փոքրանալու:

«Փոքր կառավարությունը» կարճաժամկետ կտրվածքով կարող է մեղմել հանրային ֆինանսների վրա ճնշումը, սակայն միջին և երկարաժամկետ կտրվածքով դանդաղեցնելու է տնտեսական աճը: Իրար հաջորդած կառավարությունները փոքրացրել են պետական ծախսերը՝ ակնկալելով, որ մասնավոր հատվածն իր վրա կվերցնի հանրային հատվածին հատուկ որոշակի գործառույթներ: Սակայն մասնավոր հատվածի ոչ բավարար զարգացածության աստիճանը չի նպաստել այդ գործառույթների պատշաճ իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, նվազեցնելով պետական ծախսերի մակարդակը, պետությունը նվազեցրել է որոշակի ծառայությունների տրամադրման մակարդակը, ինչը, ծառայությունների որակի նկատմամբ հանրային պահանջի աճին զուգընթաց, մեծացրել է հանրության դժգոհությունը կառավարությունից և հանրային ծառայություններից՝ մեծացնելով այդ ծառայությունները բարելավելու հանրային ճնշումը:

Այսպիսով՝ առաջացել է «կախարդված մի շրջան», երբ հանրային ծառայությունների որակի բարելավման հիմնավորմամբ որոշ հանրային ծառայություններ մասնավորեցվել կամ պատվիրակվել են մասնավոր հատվածին, սակայն հանրային հատվածի ձախողման պատճառով ծառայություններ կա′մ ընդհանրապես չեն տրամադրվել, կա′մ տրամադրվել են այնպիսի մակարդակով, որը չի համապատասխանել հանրության ակնկալիքներին։ Լրացուցիչ ճնշումը հանգեցրել է հանրային ծառայությունների արտապատվիրակման նոր գալարի՝ էլ ավելի մեծացնելով հանրային հատվածից հասարակության դժգոհությունը: Հանրագումարում նվազել է փոքր կառավարության կողմից իրականացվող հանրային քաղաքականության որակը, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու կառավարության ունակության վրա։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*