Ոչ մի թիզ հող չի հանձնվի Ադրբեջանին

Դաշնակցությունը որքան մեծ ներկայացվածություն ունենա Խորհրդարանում, այնքան մեր երկիրը կայուն, արդար եւ խաղաղ կլինի:

Ապրիլի 2-ը վճռորոշ է լինելու Հայաստանի համար: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ` մեկ տարի հետո այլեւս համապետական քվեարկությամբ երկրի նախագահ չենք ընտրելու, երկրի բոլոր հարցերը բարձրաձայնվելու եւ որոշվելու են Ազգային ժողովում: Հետեւաբար, Դաշնակցությունը որքան մեծ ներկայացվածություն ունենա Խորհրդարանում, այնքան մեր երկիրը կայուն, արդար եւ խաղաղ կլինի: Հենց այսպիսի ասելիքով ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին հրազդանցիների հետ:

ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արսեն Համբարձումյանը հարկ է անում հիշեցնել` Դաշնակցությունը մի անձի կուսակցություն չէ. ունեն մեծ փորձառություն, ծրագրային եւ գաղափարական սկզբունքներ, որոնց չեն դավաճանել ու մշտապես հետեւողական են: Կուսակցությունը ե՛ւ ընդդիմություն, ե՛ւ իշխանություն եղած ժամանակ առաջադրել է միեւնույն խնդիրները եւ գտել լուծումներ:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Դաշնակցության համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց` չեն եկել մարդկանց քիմքին հաճելի բաներ ասելու, խոստումներ տալու, թե ընտրություններից հետո կրկնակի ու եռակի բարձրացնելու են թոշակները, այլ եկել են ասելու, որ նոր կառավարման համակարգն ինքնին ստիպելու է, որ մարդիկ արդար ու արժանապատիվ աշխատանք ունենան: Նոր կառավարման համակարգում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը թելադրելու է՝ ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը միեւնույն է, մենակ չի կառավարելու երկիրը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ ով էլ հայտնվի Խորհրդարանում, ունենալու է իր արժանապատիվ տեղը` ամենաքիչը 33% ներկայացվածությամբ:

 

Կուսակցությունն աչքաթող չի արել մարզային ոչ մի խնդիր: Արդյունաբերական գործարանների լքված, քայքայվող ու չօգտագործվող տարածքներ, գործազրկության բարձր մակարդակ, գյուղատնտեսության ցածր արդյունավետություն, քաղաքների բնակարանային ֆոնդի անմխիթար վիճակ, զբոսաշրջային պոտենցիալի ոչ լիարժեք եւ ամբողջական օգտագործում: Սրանք Կոտայքի մարզի խնդիրներն են, որոնք առանձնացրել է Դաշնակցությունը եւ արդեն մշակել լուծման տարբերակ:

Արմեն Ռուստամյանը, հանդիպման ժամանակ պատասխանեց քաղաքացիներից մեկի հարցին` Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած, այսպես կոչված, խաղաղության ծրագրին։ Այն է, թե` տարածքների զիջում Ադրբեջանին խաղաղության դիմաց: Պատասխանը կարճ էր՝ Դաշնակցությունը միշտ դեմ է եղել այդ թեզին եւ դեմ է լինելու միշտ: Ոչ մի թիզ հող չի հանձնվում Ադրբեջանին:

 

Կուսակցության ներկայացուցիչները հանդիպման ավարտին կրկին դիմեցին հավաքվածներին, որ նոր սկզբով արդար Հայաստան կառուցելու համար ապրիլի 2-ին ընտրեն 9-րդ քվեաթերթիկը: Հանդիպումն ավարտվեց համերգային ծրագրով Ներսիկ Իսպիրյանի եւ այլ սիրված երգիչների մասնակցությամբ:

 

*

*