ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ

«Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան»
hyd-hem

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:

Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`

-դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը,

-բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը,

-ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը),

-թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները

փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիր ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»,-նշված է հայտարարության մեջ:

 

*

*