Հրամայական է աշխատավորության և սոցիալական խոցելի խմբերի շահերի պաշտպանությունը. ՀՅԴ Հայաստանի ՀԵՄ

«Արձանագրում ենք, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները»:
hyd-hem

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը, հիմնված ընկերվարական արժեքներին, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը:

ՈՒշի-ուշով հետևելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձություններին` արձանագրում ենք, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործիքակազմ և մեխանիզմներ կիրառելիս, հարկավոր է առաջնահերթ հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատության մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպես նաև տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարևոր ազգային մտածելակերպի առանձնահատկությունները:

Ուստի կարծում ենք, որ այն դեպքում, երբ օրենքով և քաղաքական ամենաբարձր իշխանությունների մակարդակով պաշտպանվում են խոշոր գործարարների և մեծահարուստների շահերը, հասարակ աշխատավորների կրճատումները, մանր և միջին ձեռնարկատերերին հարվածելը կրում է պարզապես աշխատանքի իմիտացիա ստեղծելու միտում և ուղղված է կարճաժամկետ նպատակների իրագործմանը:

Երկրի բարձրագույն իշխանություններին, պատկան մարմիններին կոչ ենք անում խնդիրները դիտարկել իրենց ամբողջության մեջ և կոսմետիկ լուծումների փոխարեն փնտրել և կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ:

Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը և վարվող քաղաքականության այնպիսի պլանավորումը, որը միտված կլինի առաջին հերթին միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելավմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ՀՅԴ ՀԵՄ-ը պատկան մարմիններից ակնկալում խելամիտ լուծումներ:

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

*

*