«Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը»․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հայտարարությունը

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար»։
hyd-gm-shenq22

ՀՅԴ Հայաստանի Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել:

«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար։

Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը,  զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որևէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին և պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։

Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախօրեին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհության, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման  նոր ու հուժկու ազդակի»։

*

*