ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նոր թափ է հաղորդում Արցախի ճանաչման գործընթացին

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Արցախի հարցը:
Peto-Demirjyan

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նոր թափ է հաղորդում Արցախի ճանաչման գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

«Մեզ համար Արցախի ճանաչումն աշխատանքային թիվ մեկ հարցն է: Այդ սկզբունքից ելնելով` Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Արցախի հարցը: Աշխատանքներ են տարվում թե՛ դեպի Եվրոպա Արցախի պաշտոնյաների այցի, թե՛ քայլեր են ձեռնարկվում եվրոպացի պաշտոնյաների այցը Արցախ կազմակերպելու ուղղությամբ»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Անդրադառնալով Բելգիայի պատգամավորական խմբի վերջին այցին Արցախ` Պետո Դեմիրճյանը նշեց, որ տպավորությունները դրական են: Եվրոպացի պատգամավորները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև տեսնելու, թե ինչպես է զարգանում Արցախը:

«Պատգամավորական խմբի այս վերջին այցելությունից հետո կարող ենք արձանագրել, որ Բելգիայի պատգամավորների շրջանում Արցախի դիրքերը ամրանում են: Նրանք պատշաճ ձևով տեղեկացվեցին Արցախի խնդրի վերաբերյալ: Առաջիկայում էլ շարունակելու ենք ակտիվ աշխատանքը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Պետո Դեմիրճյանը կարևոր համարեց նաև սպասվող Երևան–Բրյուսել ուղիղ չվերթի իրականացումը, որը նախատեսված է մինչև տարեվերջ: Նրա խոսքով` դրանով թե՛ հայկական համայնքի, թե՛ երկու երկրների քաղաքական գործիչների այցելություններն առավել դյուրին կդառնան, ուղիղ չվերթը կնպաստի ժողովուրդների ակտիվ գործակցությանը: Ըստ նրա` այդ թռիչքները շատ կարևոր են ՀՀ-ԵՄ կապերի ամրապնդման համար:

*

*